Աղասի Այվազյան

Grakantert.am-ը գրում է.

Չգիտեմ՝ կուզե՞ք, արդյոք, լսել մի պատմություն, որը պիտի արտաբերվի մարմնավաճառի շուրթերից: Այո՛, չզարմանա՛ք, որ ես ինձ անվանում եմ մարմնավաճառ: Մարմնավաճառ և ոչ պոռնի՛կ: Որովհետև, իմ համոզմամբ, պոռնիկը հոգին է արմատախիլ անում, մարմնավաճառը առարկայականն է մոխրացնում… Ապրում եմ, ավելի ճիշտ կլինի ասել՝ ապրում էի քաղաքի կենտրոնում: Հիմա իմ կեցավայրը փողոցն է ու արվարձանի անշուք նկուղը: Նաև աշխատանքիս վայրն է փողոցը: Ես ոչինչ չունեմ մարմնիցս բացի: Եվ ստիպված մարմինս եմ շուկա հանել… Ներո՛ղ կլինեք, բայց, անսպասելիորեն ձեզ համար, ես ուզում եմ խոսքս շարունակել հոգո՛ւ մասին: Դուք երևի համոզված եք, որ մարմինը այսքան գռեհկորեն փողոցներում առաջին պատահածին հանձնողը հոգու մասին խոսելու իրավունք չունի: Նորից ներեցե՛ք ու ներողամտությամբ թո՛ւյլ տվեք ընկածիս՝ գետնակորիս, խոսել վերնակրոն երևույթի մասին, թափանցել հոգու տիրույթը: Ասեմ՝ որ ես բարձրագույն կրթություն ունեմ: Կյանքս սկսել եմ երազներով, մաքրագույն նպատակներով… Սակայն կամքս դավաճանեց ինձ՝ գցելով մարդկային կեցության ամենաստորին վիճակորդության մեջ: Շատերին դուր չի գա, եթե ասեմ, որ ես մարդկանց տարբերում եմ հոգու կերտվածքով, հոգու, որը գործ չունի մարմնի հետ… Նա ուրի՛շ կյանքով է ապրում… Ուրի՛շ ոլորտում է գտնվում… Իհարկե, ամեն անգամ կեղտոտելով մարմինս, փորձում եմ հոգիս մաքուր պահել, նա մեղկ է, շա՜տ է մեղկ… Չեք հավատա, բայց նա ամաչկոտ է, հեռվից է դիտում իր պատյանի ոտնձգությանը… Թեպետ երիտասարդ չեմ, սակայն հույսս չեմ կտրել, որ մի օր, մի ֆանտաստի՜կ օր, ես պիտի կարողանամ համակայել այդ երկուսին՝ հոգուս և մարմնիս… Հաշտեցնել նրանց… Չնայած դժվա՜ր է լինելու, անչա՛փ դժվար… Ձեր ծիծաղը կառաջացնեմ, եթե ասեմ իմ համոզվածության մասին՝ հոգուս անտեսանելի թելերով վերին ոլորտի հետ կապված լինելու վերաբերյալ… Նա ավելի Վերին է լսում, քան թե՝ ինձ… Եվ հենց այս պատմությունն էլ, որ ցանկանում եմ հաղորդել ձեզ, դրա ապացույցն է… Լսե՛ք, եթե դեռ խորշանքը ձեզ չի նեղել…

Ցեխոտ երեկո էր… Կանգնել էի սովորական իմ տեղը՝ ոստիկանների աչքից հեռու, մայթի եզրին… Երբեմն-երբեմն դիտում էի խանութի մութ ապակիներից անդրադարձող կերպարանքիս ու մտածում՝ ո՞ւմ կարող է գայթակղել իմ այս անհրապույր տեսքը… Տհաճ խոնավությունը ստիպել էր գըլխաշորով ծածկել դեմքիս կեսը, ոտքերիս՝ անցած դարից մնացած ռետինե կրկնակոշիկներ էին, ամոթ է ասել, տակից երկու կիսավարտիքով էի պատսպարվել… Վզզալով անցնում էին մեքենաները, և ոչ մեկը չէր կանգնում ինձ մոտ… Անիվների տակից ցեխ էր շպրտվում վրաս՝ ավելի «զարդարելով» զբաղմունքիս անհամապատասխան արտաքինս… Այդ օրը ես կարծես մոռացել էի ինձ, վերացել էի շրջապատից և թե ինչո՞ւ էի նորից եկել ու կանգնել այս մեղսակիր մայթին՝ հաշիվ չէի տալիս… Սովորության ուժն էր… Վարքի շարունակականությունը… Անգամ օրավարձս վաստակելու մասին էլ հոգս չունեի… Կանգնել էի ու՝ վերջ… Եվ ներքին վախն էր փոխարինել հաճախորդ-տղամարդ ձեռք գցելու առաջադրությանը, ինչի համար էլ որ գտնվում էի այս անիծյալ վայրում… Եվ երբ արդեն վերադառնալ էի ուզում կիսաքանդ շենքի անկյան իմ որջը, ետևիցս լսեցի.
- Մի րոպե…
Տրամադրություն չունեի նույնիսկ ետ նայելու:
- Սպասե՛ք… Կարելի՞ է… Մի րոպե սպասեք…
Կանգնեցի և կիսադեմով շրջվեցի ձայնողի կողմը:
- Կարո՞ղ եք լսել ինձ, – ասաց նա: Հայացքս ուղղել էի նրա կոշիկներին և չէի նայում դեմքին: Ձայնի մեջ հևոց կար, ինչից կարելի էր եզրակացնել, որ հեռվից է նկատել ինձ և շտապել է իմ կողմը: Նա մոտեցավ. հիսունի մոտ տղամարդ էր:
- Ի՞նչ եք ուզում, – հարցրեցի ես՝ որևէ պատասխանի պետք չունենալով:
- Խնդրում եմ՝ լսե՛ք ինձ…
Երբեք չեն խնդրել ինձանից, միայն պահանջել են, այն էլ շատ անվայել կերպով: Նրա խնդրանքը մեղմացրեց ինձ, և ես ուրիշ վիճակում զգացի էությունս. մոռացա, որ տղամարդու ցանկությունը այս մութ երեկոյան, մայթի վրա պիտի վերաբերի հեշտասիրության, որ նա գնորդն է մարմնիս… Մարդկային սովորական հարաբերության պատրանք ստեղծվեց իմ մեջ:
- Լսո՛ւմ եմ… – ասացի:
Նա երկար մտմտում էր, խոսքը բերանից դուրս չէր գալիս: Ցանկությունն ակներև է, – մտածեցի, – պարզապես անփորձ է… Գուցե օգնեմ ես… Պատանիներն են ունենում նման վիճակ.. Սա տարիքն առած է… Երևի տան հայր է, շրջանից է եկել, և հիմա կիրքը գլուխն է խփել…
- Ես Ռոստովից եմ… – վերջապես ասաց նա:
Իմ տրամադրությունը երկարաբանելու չէր, կարճ կտրեցի.
- Հյուրանոցո՞ւմ ես….
- Ո՛չ, – ասաց նա: – Վարձով եմ ապրում… երկու օրից մեկնելու եմ…
- Տեղ ունե՞ս, – գործնական հարցրեցի ես:
- Չէ՛, – մեղավոր՝ բերանը ծռեց նա:
- Բա ի՞նչ ես ուզում…
- Մի քիչ խոսել… – չվերջացրեց նա, ես ընդհատեցի.
- Ես խոսելու ժամանակ չունեմ…
- Դուք չհասկացաք ինձ… Իմ ասելիքը մի փոքր տարօրինակ կարող է թվալ ձեզ… Բայց խնդրում եմ լսե՛ք… Ինձ համար շատ կարևոր հանգամանք է…
Սա կա՛մ խարդախի մեկն է, կա՛մ հիվանդ է, կա՛մ փող չունի և չի իմանում որ կողմից մոտենա… – մտածեցի ես:
- Հեռացե՛ք, – ասացի, վախս երանգավորելով կոպտությամբ: Ու հեռանալով նրանից, շարժվեցի հակառակ կողմը:
- Խնդրո՛ւմ եմ… Խնդրո՛ւմ եմ… – ետևիցս քայլելով կրկնում էր նա:
Ձայնը իսկապես խնդրալից էր, զգացի, որ վտանգ չի սպառնում, կանգ առա:
- Լսում եմ… Ի՞նչ եք ուզում…
- Կարո՞ղ եք ինձ համբերատար լսել և չզարմանալ…
Արդեն նրա այս նախադասությունը զարմանք էր հարուցում:
- Կփորձեմ, – ասացի ես: Նման իրադրության դեռևս չէի հանդիպել՝ և՛ տարօրինակ էր, և՛ հետաքրքրաշարժ: – Լսո՛ւմ եմ…
Նա նշանացի ուղղորդեց ինձ ավտոբուսի կանգառի տաղավարը, ինքը նստեց, ինձ առաջարկեց նույնը, և մի փոքր անհարմար լռությունից հետո, խոսեց.
- Ես, ինչպես ասացի, տեղացի չեմ…
- Հասկացա, – համաձայնեցի ես:
- Հիսուն տարեկան եմ, – դողդոջուն ձայնով շարունակեց նա: – Գիտե՞ք հիսուն տարեկանի բարդույթները… Իմ քաղաքում ես չեմ կարող խիզախել նման քայլի… Բայց այստեղ ինձ ոչ ոք չի ճանաչում… Ես ազատ եմ… Եվ հույս ունեմ՝ ինձ գժի տեղ չեք դնի…
- Ոչ, իհարկե, – դիմայլակ արտաբերեցի ես:
- Գիտե՞ք… Աստված պարտադրանք ունի… Յուրաքանչյուրին պարտադրում է հայր լինել… Երջանիկ թե՛, դժբախտ թե՛, բայց անպայման հայրություն անել… Դա Աստծո պարտադրանքն է, որ երիտասարդ ժամանակ չես ընկալում, խուլ ես, բանի տեղ չես դնում… Բայց գալիս է ժամանակը, և այդ պարտադրանքը այրում է հոգիդ, հանգիստ չի տալիս… Մահվան ուժ ունի… Մահվանից էլ հեռու գնացող տագնապ…
Հավատացե՛ք՝ այս տմույն երեկոյան, փողոցում, անծանոթ մարդու այսքան մանվածապատ խոսքը զառանցանքի էր նմանվում: Բայց մի բան հաջողվեց նրան. ես մոռացա իմ մարմնավաճառության հանգամանքը, ինչը ո՛չ ինձ, ո՛չ որևէ մեկին չէր հաջողվում այդ անել: Մի վայրկյանում ես այլափոխվեցի. հոգիս էր այժմ գտնըվում ավտոբուսի տաղավարի նըստարանի վրա և սևեռուն լսում էր իրեն հասկանալի խոսքերը. ես դեռ լիովին չէի ըմբռնում և վստահում էի հոգուս ուշիմությանը:
- Ես կարող եմ վճարել… – շողոմաձայն, ասես քննախույզ, արտաբերեց նա:
Խե՜ղճ իմ հոգի, խաբվեցի՛ր հերթական անգամ, հավատացի՛ր փողոցային ճամարտակությանը… Ես իմ տեղն ընկա և սրտմըտեցի՝ ինչո՞ւ էր պետք այսքան ժամավաճառություն… Կարելի էր կարճ կապել… Էսպիսին են անհամարձակ տղամարդիկ, կասեի՝ տղամարդուկները…
- Դուք ինձ սխալ չհասկանաք, խնդրո՛ւմ եմ…
Շուրթերս սեղմեցի. ի՜նչ դժվար հասկանալու է…
- Ինձ հայրությո՛ւն է պետք… Դա պարտադրա՛նք է…
- Հետո՞… – այլևս անտրամադիր նետեցի խոսքս:
- Ես ուզում եմ, որ դուք ինձ երեխա ծնեք… – ասաց ու ակնապիշ սևեռվեց ինձ:
Տարօրինակությունն էլ չափ պիտի ունենա: Անսովորությունը թաքստոցում պիտի կենա: Սկըզբում իմ բիբերը լայնացան, հետո մի հզոր քրքիջ ծնվեց որովայնիս միջավայրում ու բարձրացավ վեր, դուրս մղվեց լկտիությամբ…
- Դուք ի՞նչ է… – կմկմացի ես՝ չիմանալով ինչպես արձագանքեմ նրան: – Կատակի ժամանակ ու տեղ գտա՞ք…
- Ես չեմ կատակում… – լրջախոհ արտաբերեց: – Ես ձեզ վիրավորեցի՞…
Ես անէության մեջ էի:
- Եկեք լռենք, հա՞… – առաջարկեցի ես, չգիտեմ՝ ի՞նչ պիտի անեի առաջարկածս լռությունից հետո: Մտքերս ուտում էին ժամանակը… Եվ հանկարծ զգացի կողքիս գտնվողի ներկայությունը: Նա ժամանակից դուրս էր մնացել, սակայն տեղավորվել էր ուղեղիս գալարների թնջուկի մեջ:
- Ձեր անունը կասե՞ք…- առանց նրան նայելու հարցրեցի ես:
- Խոսրո՛վ, – ասաց նա:
- Նարգիզ է իմ անունը, – հայտնեցի ես, և էլի երկար լռեցինք:
- Ի՞նչ կասեք, Նարգի՛զ…
- Ի՞նչ ասեմ…
- Համաձա՞յն եք…
Մթնում էր… Մութն ասես խմորում էր ցեխը և պատառիկներով ծեփում էր աղջամուղջի բաց մնացած տեղերը: Խավարը հմուտ հուշարար էր, իր փեշերի ներքո էր լուծվում աշխարհի առեղծվածները:
- Դու որտեղի՞ց լույս աշխարհ դուրս պրծար… – սեթևեթեցի ես. կամքս այլևս խաղուն վիճակի մեջ էր մտնում:
- Էնտեղից…
- Իսկ մայրությունը պարտադրա՞նք է… – հենց այնպես հարցրեցի ես:
- Մայրությունը հի՛մք է… – ասաց Խոսրովը: Հիմա արդեն նա ամաչկոտի նման չէր: Նկատառումս թելադրում էր, որ Խոսրովը ևս կրթված է, բանիմաց… Բայց թե ինչո՞ւ հիմա ի՛նձ հետ է, ի՛մ կարիքն ունի՝ մտածելու տեղիք էր տալիս: Չուզեցի խորքերն ընկնել, ես անդորրության գրկում էի, հոգիս իջել էր մարմնիս մեջ, մնացածը պետքս չէր… Երկու հոգի ենք այս գորշ երկնքի տակ, և մեր ուզածը գտնվում է բնության հարթության վրա… Եվ մեր ուզածը մեզ չի պատկանում…
Ես ծնեցի Խոսրովի համար փոքրիկ մանչուկի: Ես Խոսրովին նվիրեցի հայրություն… Ես մասնակիցը եղա Վերին պարտադրանքի, ավելի ստույգ՝ հոգիս մասնակցեց այդ մեծ պարտադրանքին: Նորեն ներողամիտ եղեք իմ այս վերամբարձությանը, քանզի հոգու մասին այլ կերպ անհնար է արտահայտվել:
Խոսրովը մեկնեց Ռոստով… Նրանից այլևս լուր չստացա… Ես նրա և իմ մանչուկի հետ եմ երջանկանում… Մանչուկը խաբեբայության արդյունք չի կարող լինել, որովհետև նա Վերին պարտադրանքն էր, որին ենթարկվում է ամեն ոք… Խոսրովը դրանցից մեկն էր… Ես գիտեմ՝ նրան այլևս չեմ տեսնելու… Գուցե իր մահկանացուն է կնքել, հազար ու մի դեպք կարող է պատահած լինել… Կարճ է մեր կյանքը, անկանխատեսելի է ճակատագիրը…
Ես այլևս փողոց դուրս չեմ գալիս… Երբեմնակի հանդիպում եմ նախկին ծանոթներիս՝ փողոցային կանանց, որոնք հանդիմանում են ինձ՝ ասելով՝ «Հեշտ խաբեցին քեզ, մատների վրա ֆռռացրեց եկվոր մի աֆերիստ»… Բայց ես գիտեմ իրականությունը, ես գիտեմ, որ խաբված չեմ… Ո՞նց բացատրեմ մարմիններին հոգու տվայտանքների մասին… Որ Խոսրովը նենգադավ չէր, սրիկա չէր, դա միայն ես գիտեմ… Թող ասեն՝ խենթ էր, խելագար էր, բայց խաբեբա, սրիկա չէր կարող լինել… Գուցե հոգու տիրույթը խենթերի՞ն է պատկանում… Այսքանից հետո ես կփորձեմ ամոթարգելս մի կողմ դնել և նկարագրել մեր կենակցության մանրամասները: Մի՛ ամաչիր, հարգելի՛ ընթերցող, սա գռեհկության նկարագրությունը չի լինելու… Սա գոյության արմատական մեծալրջությունն է՝ նայած դիտակետդ որ շերտում է գտնվում… Մեր տարօրինակ, անսովոր հանդիպումից հետո, իմ համաձայնությամբ գնացինք բուսաբանական այգի ու մտանք թավուտը: Սեռական գործողության ընթացքում Խոսրովը ինձ չէր նայում, իմ մարմինը գոյություն չուներ նրա համար… Նրա հայացքը ուղղված էր վեր, դեպի երկինք, ու նա աղաչում էր. «Երեխա տո՛ւր ինձ, Աստվա՛ծ, խնդրո՜ւմ եմ՝ փոքրիկ մարդ ուղարկի՛ր ինձ, Աստվա՛ծ… Աղաչո՜ւմ եմ, աղաչո՜ւմ եմ, աղաչո՜ւմ եմ»…
Ես հաճախ այցելում եմ եկեղեցի ու, առանց գիտակցելու իմ ուզելիքը, կրկնում եմ՝ «Աղաչո՜ւմ եմ… Աղաչո՜ւմ եմ… Աղաչո՜ւմ եմ»…

2007թ. 1 հունվարի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել